Սա արդարադատության իրականացում չէ, սա պարզապես պատիժ է, մանր վրեժխնդրություն. Նարեկ Սամսոնյանի կին
Իրավունք
16:28 16/01/2026
Հայաստան

Սա արդարադատության իրականացում չէ, սա պարզապես պատիժ է, մանր վրեժխնդրություն. Նարեկ Սամսոնյանի կին

«Մենք Հայաստանում արդեն գործ ունենք ոչ թե ավտորիտար, այլ տոտալիտար իշխանության հետ՝ թույլատրելի է ամեն ինչ, բացի քաղաքականությամբ զբաղվելուց»,- Բարձրագույն դատական խորհրդի դեմ ակցիայի ժամանակ ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, կալանավորված Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը։

Նա նշեց, որ այն մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ ընդդիմադիր դիրքերից, հետապնդվում են, կալանավորվում են, իսկ քաղաքական փոդքասթ վարող մարդիկ, այս դեպքում «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը,  ընդդիմադիր քննադատության համար ենթարկվում են պատժի։

«Սա արդարադատության իրակացնում չէ, սա  պարզապես պատիժ է։ Արդարադատություն իրականացնելու հետ գործ չունենք, մանր վրեժխնդրություն է ուղղված  Նարեկի, Վազգենի դեմ, որը տարիների ընթացքում կուտակվել ու հասել է այս վիճակին»,- ասաց Առաքելյանը։

Ըստ նրա, այս իշխանություններն անում են այն, ինչ իրենց այդ պահին  հարկավոր է, ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում ոչ մարդու իրավունքների պաշտպանությանը, ոչ Հայաստանի հեղինակությունը։

«Մենք ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու ենք։ Այսօր մենք տեսնում ենք՝ և գործադիրը, և օրենսդիրը, և դատական իշխանությունը պատկանում է  մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Լ. Առաքելյանը։

Նա նշեց, որ ինքը տեսակցել է ՔԿՀ-ում ամուսնուն, իսկ հացադուլի ընթացքում միայն հեռախոսային խոսակցություններ է ունեցել. «Ասում է՝ լավ է, բայց բնական է, որ լավ չի։ Երբեք չի բողոքել, չի էլ բողոքի ոչ առողջական վիճակից, ոչ իրավիճակից, ոչ էլ որևէ բանից։ Իրեն լավ իմանալով՝ անգամ ձայնի ինտոնացիան բավական է  հասկանալու իրական իրավիճակը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder