Հացադուլի 9-րդ օրը ՄԻՊ-ը չի այցելել Նարեկ Սամսոնյանին. ՄԻՊ գրասենյակի դիմաց ակցիա կիրականացվի
Քաղաքական
23:13 17/01/2026
Հայաստան

Հացադուլի 9-րդ օրը ՄԻՊ-ը չի այցելել Նարեկ Սամսոնյանին. ՄԻՊ գրասենյակի դիմաց ակցիա կիրականացվի

Երկուշաբթի օրը՝ հունվարի 19-ին, ժամը 11։00-ին AntiFake.am-ի թիմն ակցիա կիրականացնի ՄԻՊ գրասենյակի մոտ՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրվա և շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ պայմանավորված առողջական խնդիրների հետևանքով հրատապ բուժհաստատություն տեղափոխելու պահանջով։  

Այսօր ՔԿՀ-ից հղած նամակում Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր. «Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել, ՄԻՊ-ը չի այցելել՝ չնայած նրան, որ ես չեմ էլ սպասում իրենց, բայց գոնե ՄԻՊ-ի պարագայում դա պարտականություն էր»։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։  Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա տղաներն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից՝ իրենց հեղինակային փոդքաստի եթերով ԱԺ նախագահի ծանր վիրավորանքին կոշտ պատասխան տալու համար։ Տղաների արարքը դատախազությունը որակել է խուլիգանություն, մինչդեռ նրանց առաջինը վիրավորանք հասցնողի՝ Ալեն Սիմոնյանի արարքին իրավական գնահատական չի տրվել։

Նշենք, որ 2025թ. նոյեմբերի 12ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մուտք են գործել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բնակարաններ, կատարել քննչական գործողություններ՝ թույլ չտալով դրանց ընթացքում փաստաբանների մուտքը։ Ապա ձեռքերը ոլորած նրանց տարել են, ձերբակալել, կալանավորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ հետապնդում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նույն օրը քննչական գործողություններ են իրականացվել antifake.am կայքի խմբագրությունում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան։ Այնուհետև ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որը մոտ 60 ժամ անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է նաև կայքի մեկ այլ աշխատակից՝ Իշխան Խոսրովյանը, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել: Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): 

Իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական շատ գործիչներ համարում են, որ սա ազատ խոսքի դեմ իրականացրած գործողություններ են, որոնց նպատակն է լռեցնելու Սամսոնյանին, Սաղաթելյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder