Վիգենը լսողության հետ կապված խնդիրներ ունի, մեջքի ցավեր, երկար քայլել չի կարողանում. Կինը մանրամասներ է պատմում
Առողջություն
12:08 24/01/2026
Հայաստան

Վիգենը լսողության հետ կապված խնդիրներ ունի, մեջքի ցավեր, երկար քայլել չի կարողանում. Կինը մանրամասներ է պատմում

Ադրբեջանական բանտերի գերությունից հունվարի 14-ին Հայաստան վերադարձածներն այժմ վայելում են հարազատների ներկայությունը։ Նրանք ընտանիքների անդամների հետ երբեմն երջանիկ լուսանկարներ են հրապարակում։ Սոցցիալական ցանցերում առավել ակտիվ տեսանյութեր է հրապարակում, գրառումներ անում լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդան։ Տարածվող լուսանկարներում, տեսանյութերում երևում է, որ Էուլջեքջյանի վիզը ֆիքսատորի մեջ է։ Ի՞նչ խնդրի պատճառով է այն տեղադրված, ինչի՞ հետևանք է խնդիրը։ Այս հարցերը Panorama.am-ն ուղղեց նրա կնոջը։

«Վիգենի  բանտային փորձությունը երկար էր, և նրան ժամանակ է պետք ապաքինվելու համար։ Նա ազատ է արձակվել լսողության խնդիրներով և մեջքի ցավերով. չի կարողանում շատ քայլել։ Բայց ես աղոթում եմ Աստծուն, որ նա լավ լինի։ Հիմա նա բժիշկների հսկողության ներքո է»,-ասաց տիկին Լինդան։

Նրա խոսքով, ամուսնու հետ խոսել է գերության ընթացքում կրած տառապանքների մասին։

«Մենք շատ ենք խոսել, և շատ դժվար էր լսել դրանք։ Բայց մղձավանջն ավարտվեց, հիմա նրան աջակցություն է պետք՝ իր կյանքը շարունակելու և տեղի ունեցածը մոռանալու համար։ Կան բաներ, որոնք մնում են հիշողության մեջ և երբեք չեն ջնջվի»,-Panorama.am-ին պատմեց Վիգենի կինը՝ հույս հայտնելով, որ ժամանակի հետ որոշ բաներ կմոռացվեն։

Հիմա ամուսիններն անհամբեր սպասում են Լիբանան մեկնալուն ու իրենց երեխաներին տեսնելու։ Առաջիկայում նախատեսված է նրանց որդու հարսանիքը։ Բաքվի բանտից ընտանիքին ուղղած վերջին՝ ձեռագիր նամակում Վիգեն Էուլջեքջյանը խնդրել էր մի քիչ հետաձգել այն։

«Մենք սպասում ենք իրավական ընթացակարգերի ավարտին, որից հետո կմեկնենք Լիբանան՝ մեր սիրելիներին հանդիպելու։  Բայց մենք կվերադառնանք Հայաստան։ Վիգենն ասել է, որ հարսանիքը տեղի կունենա Հայաստանում, ոչ թե Լիբանանում»,-ասաց տիկին Լինդան։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էուլջեքջյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վիգենը լսողության հետ կապված խնդիրներ ունի, մեջքի ցավեր, երկար քայլել չի կարողանում. Կինը մանրամասներ է պատմում