Արտակարգից՝ դեպի լարված. Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին
Առողջություն
12:55 29/01/2026
Հայաստան

Արտակարգից՝ դեպի լարված. Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին

«Վերջին մեկ շաբաթվա մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անցել ենք ավելի ռուտինային աշխատանքի գրաֆիկի»,- կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին, որը ներդրվել է հունվարի 1-ից։

Նա նշեց, որ սա նշանակում է՝ հիմնական առումով բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների, ամբուլատորաների  առաջնակի տեղեկատվական, գործառնական հատվածն արդեն հաղթահարված են համարում։

«Մենք դիտարկում ենք այս բարեփոխումը դինամիկ զարգացման տեսանկյունից։ Մենք բուժաշխատողների, առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ անընդհատ աշխատանքի մեջ ենք, բոլոր հետադարձ արձագանքները կապված  բժշկական ծառայությունների գների, տրամադրման ձևաչափի հետ, մանրակրկիտ, միասնական աշխատանքով առաջիկայում դիտարկելու ենք»,- ասաց Ավանեսյանը։

Նրա ներկայացմամբ, այսօր ժամը 10․00-ի  դրությամբ 255 հազար 234 ապահովագրական այց ունեն, մեծամասնությունը՝  231 հազար 993-ը ամբուլատոր այցերն են, 20 հազար 875-ը՝ հվանդանոցային,  1390-ը՝ ցերեկային ստացիոնար, 976-ը՝ շտապօգնության։

Փաշինյանի հարցին՝ ինչպե՞ս կբնորոշեն աշխատանքայի ռեժիմը՝ պլանային, լարված, արտակարգ, Ավանեսյանն ասաց. «Լարված, արտակարգից՝ դեպի լարված։ Առաջին օրվանից արտակարգ ռեժիմով աշխատել ենք։ Արտակարգ իրավիճակ չենք ունեցել, բայց աշխատանքային ռեժիմը եղել է արտակարգ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder