Իշխանություններն անընդհատ ճնշումների են դիմում, Սամվել Կարապետյանը դիմացավ կալանավայրում, ոչ ոքի հետ չբանակցեց, ռեյտինգն աճում է. Ղազինյան
Քաղաքական
15:45 17/02/2026
Հայաստան

Իշխանություններն անընդհատ ճնշումների են դիմում, Սամվել Կարապետյանը դիմացավ կալանավայրում, ոչ ոքի հետ չբանակցեց, ռեյտինգն աճում է. Ղազինյան

«Իշխանությունները վախ ունեն Սամվել Կարապետյանից, նյարդայնանում են, սխալներ են թույլ տալիս»,- ասուլիսում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի ռեյտինգն աճում է. «Սամվել Կարապետյանի դեմ ստերը չաշխատելու արդյունքում ավելի կոպիտ են դառնում իշխանության գործողությունները, որին մենք պատրաստ ենք։

Անընդհատ ճնշումների են դիմում, ասում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում։ 5 օր էլ, 5 ամիս էլ  դիմացավ, ոչ ոքի հետ չբանակցեց, որի արդյունքում քանի գնում, իշխանության ախորժակները բացվում են»,- ասաց նա։

Դ.Ղազինյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ը գնելու առաջարկի վերաբերյալ բանակցություններ դեռևս չկան. «Համոզմունք ունեմ, որ գնալու են գերակա  շահի ճանապարհով, խնդիրը գնահատումն է։ Այս պրոցեսն ամեն ինչով կապված է քաղաքականի հետ»։

Ըստ նրա, եթե իշխանությունները  վախ չունենային, Սամվել Կարապետյանը կլիներ ազատության մեջ։ 

«Ունենք հիմնավոր կասկածներ, անօրինական միջոցներով ամեն ինչ անում են, որպեսզի ՀԷՑ–ի շուկայական արժեքը նվազեցնեն»,- ասաց Ղազինյանը։ 

Ըստ նրա, ՀԷՑ-ը մոտավորապես 1 միլիարդին մոտ ակտիվ է, արժեք ունի։ 

Դավիթ Ղազինյանը նաև հայտարարեց, որ իրենց թիմը հաղթելու է առաջիկա ընտրություններում, խնդիրն այն է, որ ունենան որակյալ մեծամասնություն, որպեսզի վարչապետի իրենց  թեկնածուի հետ կապված հարցը լուծվի։ 

«Այս իշխանությունը թույլ է, ուժեղ իշխանությունը նման բաներ չի անում»,- ասաց նա՝ նկատի ունելով Վեհափառի դեմ հարուցված քրեական հետապնդումը։ 

Դ.Ղազինյանը նաև նշեց, որ չեն դիտարկում այլ սցենար, քան ընտրություններում որակյալ մեծամասնություն վերցնելը. «Կգա ժամանակը, կհասկանանք, կտեսնենք: Մեր ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է երկրի ղեկին տեսնել ուժեղ մարդ, ուժեղ բանակցող, ուժեղ տնտեսագետ, ուժեղ բիզնեսմեն, ուժեղ կառավարիչ, այլ ոչ թե թույլ, որն ունենք: Մենք այդ իսկ պատճառով ներկայացրել ենք Սամվել Կարապետյանի թեկնածությունը: Մենք եղել ենք շատ ազնիվ, տակից ոչինչ չենք արել, ի սկզաբեն մեր ճանապարհային  քարտեզը հրապարակել ենք, գնում ենք 2/3-ի»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder