Տարածաշրջանն այս պահին գերլարված իրավիճակում է, Իրանը փաստացի մենակ է. ի՞նչ պետք է անի Հայաստանը. Գոհար Իսկանդարյան
Քաղաքական
14:32 02/03/2026
Հայաստան

Տարածաշրջանն այս պահին գերլարված իրավիճակում է, Իրանը փաստացի մենակ է. ի՞նչ պետք է անի Հայաստանը. Գոհար Իսկանդարյան

«Մինչև 1979 թվականը  Իրանը եղել է ԱՄՆ դաշնակիցը տարածաշրջանում, Իրանի միջուկային ծրագիրը հիմնադրվել է ԱՄՆ ջանքերով։ Այսօր նախկին դաշնակիցները պարզապես պատերազմում են, քանի որ ունեցել են տարբեր խնդիրներ, որոնք տարիների ընթացքում փաստացի չեն կարողացել լուծել»,- Panorama.am-ի հետ զրուցում ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Նա հիշեցրեց՝ դեռևս հունվարից ԱՄՆ-ն հստակ ներկայացնում էր, որ Իրանը միջուկային ծրագրի ոլորտում պետք է անի բավականին լուրջ զիջումներ, այն է՝ ընդհանրապես չհարստացնի ուրանը, դադարեցնի հրթիռաշինությունը, որն անընդունելի էր Իրանի համար։

«Ժնևում տեղի էին ունենում բանակցություններ, բայց միաժամանակ ԱՄՆ-ն իր ավակիրները մոտեցնում էր Իրանի ջրերին։ Ակնհայտ էր, որ լինելու է հարված։  Սրա մասին տեղյակ էր նաև Իրանը։

Իրանը շատ արագ արձագանքեց Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին, ևս հրթիռներով սկսեց հարվածել Իսրայելին, ԱՄՆ բազաներին, ինչը ցույց տվեց, որ նրանք պատրաստված են»,- ասաց իրանագետը։

Գ.Իսկանդարյանը նշեց, որ հարց է առաջանում, թե ինչու Իրանի հոգևոր առաջնորդը չէր լքել իր տունը. «Ակնհայտ է, որ նա այսպես փորձեց դառնալ շահիդ։ Դառնալով շահիդ՝ ամբողջ տարածաշրջանի շիաներին  ստիպեց, որպեսզի նրանք ոտքի կանգնեն, պայքարեն իրենց գաղափարների համար,  ինչը և մենք տեսնում ենք հիմա. Իրաքի, Պակիստանի, Հնդկաստանի շիաները բողոքի են դուրս եկել և տարածաշրջանը հղի է նոր լարվածություններով»։

Ըստ  իրանագետի, ակնհայտ է, որ այս պահին ուժային հարաբերակցությունը բավական ուժեղ է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից. «Տարածաշրջանն այս պահին գերլարված իրավիճակում է գտնվում, ռազմական գործողությունները չեն դադարել, երեկոյան ժամերին ավելի ինտենսիվ են դառնում, Իրանին հարվածում են հզոր ինքնաթիռներով,  Իրանն իր ռեսուրսներով կարողանում է որոշակի հարվածներ հասցել ԱՄՆ բազաներին, Իսրայելին։ Իրանն այս պահի դրությամբ փաստացի մենակ է»։

Ինչ վերաբերում է նման իրավիճակում Հայաստանի անելիքներին, Գոհար Իսկանդարյանն ասաց, որ Հայաստանի անելիքը շատ չէ, որևէ կերպ չի կարող օգնել տարածաշրջանային լուրջ խմորումներին, լուրջ զարգացումներին։

«Հայաստանի համար սպառնալիքը կարող է լինել այն, որ եթե ռազմական գործողությունները երկար շարունակվեն, բնականաբար, լինելու է փախստականների հոսք, և հարցեր են առաջանում՝ արդյո՞ք մենք կարող ենք ուսումնասիրել, ստուգել, ազգային անվտանգությանից ելնելով, ովքեր են մտնում երկիր»,-ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տարածաշրջանն այս պահին գերլարված իրավիճակում է, Իրանը փաստացի մենակ է. ի՞նչ պետք է անի Հայաստանը. Գոհար Իսկանդարյան