Միքայել Սրբազանը Էջմիածնից ուղևորվում է դեպի Երևան, քաղաքացիներին «հաղթանակ» պատգամեց
Հասարակություն
16:42 27/06/2025
Հայաստան

Միքայել Սրբազանը Էջմիածնից ուղևորվում է դեպի Երևան, քաղաքացիներին «հաղթանակ» պատգամեց

Հոգևորականներ, բազմաթիվ քաղաքացիներ  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ   Մայր Աթոռից երթով գալիս են Երևան՝ Քննչական կոմիտե։

Թեև հավաքված քաղաքացիների  մի մասը դեմ են, որ գան Երևան՝ այն մտավախությամբ, որ այնտեղ Միքայել Սրբազանին կարող են ձերբակալել, սակայն, ի վերջո, հանդարտվեցին ու շարժում են դեպի Երևան։

Իրավիճակը մի պահ լարվեց։ Ինչպես նշվեց, քաղաքացիների շրջանում սադրիչներ կային, որոնք փորձում էին բախում հրահրել։ 

Լրագրողներին Միքայել Սրբազանն ասաց. «Գնում ենք քննչական կոմիտե ... Թող կալանավորեն, վախենա՞մ, ուշաթափվե՞մ։

Ամեն ինչ կարող եմ լինել, փախստական, թաքնվող չեմ կարող լինել»։ Սրբազանը համոզված է, որ եթե իր այդ հարցազրուցը չլիներ, որի հիման վրա իրեն մեղադրանք են առաջադրել,  մի բան կգտնեին, եթե իր կեցվածքը նույնը լիներ։ 

«Խնդիրը ես եմ։ Կարող է սրանց դեպքում մտածել ամենավատ բանը, բայց սրանք կանեն ամենավատից էլ ամենավատը։

Այսօր շոու կազմակերպելու նպատակ ունեին, եկեղեցուն իբրև թե բացահայտ ստորացնելու, որ կգանք, եկեղեցուց կտանենք...»։ 

Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռում հայտարարել էր՝ փաստաբանի հետ գնում է քննչական կոմիտե։ Սակայն հավաքված քաղաքացիները թույլ  չտվեցին նրան, պահանջեցին դուրս գալ մեքենայից։ Դրանից հետո որոշեցին միասին ոտքով շարժվել Երևան։

Քաղաքացիները պարբերաբար վանկարկում են՝ «սրբազան, սրբազան»։ 

Որոշ տարածք քայլելուց հետո Սրբազանը նստեց մեքենան։ Քաղաքացիները խնդրեցին մենակ քննչական կոմիտե չմտնի։ 

Հարցին՝ Ձեր պատգամը Ձեր հոտին, Միքայել Սրբազանն ասաց. «Հաղթանակ»։ Արձագանքեցին՝ «Ամեն»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել Սրբազանը Էջմիածնից ուղևորվում է դեպի Երևան, քաղաքացիներին «հաղթանակ» պատգամեց