Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուղիղ 20 տարի առաջ այս օրերին Երևանի կենտրոնից հեռու՝ 12 քմ մակերեսով սենյակում իր աշխատանքը սկսեց Panorama.am տեղեկատվական-վերլուծական կայքը։
«Panorama.am՝ Ձեր վստահելի աղբյուրը» կարգախոսն ու ընթերցողին տված խոստումը խմբագրությունը երկու տասնամյակ պահել է հավատարմորեն։ Եղել են դեպքեր, որ հանուն հավաստիության և օբյեկտիվության տուժել է օպերատիվությունը, հանուն ծանրակշիռ ու ազդեցիկ մնալու երբեմն զրկվել ենք մեծաքանակ դիտումներից, բայց այդ ամենի արդյունքում ձևավորել ենք և ունենք կիրթ, բանիմաց, խստապահանջ ու սրտացավ լսարան։
Մեր թիմը, չնայած սահմանափակ մարդկային և տեխնիկական հնարավորություններին, միշտ եղել է իրադարձությունների էպիկենտրոնում։ Մեր ընթերցողին հասանելի ենք դարձրել միշտ և միայն ճշմարտությունը՝ ցավոք, վերջին տարիներին լի կորուստներով, պարտություններով ու ռեպրեսիաներով, բայց գիտակցումով, որ սա ժամանակավոր փորձություն է, իսկ մեր առաքելությունը՝ ժամանակային սահմանափակումներից դուրս։
Վերջին օրերին մեր խմբագրությունը ստացել է տասնյակ շնորհավորանքներ։ Ի սրտե շնորհակալ ենք մեր հավատարիմ ընթերցողներին և գործընկերներին գնահատանքի խոսքերի համար։ Հեղինակությունն ամենակարևոր ձեռքբերումն է, որը վաստակել ենք անցած 20 տարիների աշխատանքի արդյունքում։
Panorama.am-ի խմբագրությունն առանձնացրել է մի քանի շնորհավորանքներից հատվածներ՝ ի նշան շնորհակալության։
«Սոցիալական ցանցերի գերիշխանության ու տեղեկատվական հոսքերի խելահեղ ծավալի պայմաններում Ձեր լրատվամիջոցը շարունակում է մնալ այն եզակի հարթակներից մեկը, որտեղ մենք ծանոթանում ենք ոչ միայն օրվա լրահոսին, այլև ընթերցում ենք մեզ շրջապատող իրականության վերաբերյալ անաչառ ու բազմակողմանի մեկնաբանություններ ու վերլուծություններ։ Դրանով Panorama.am-ն օգնում է, որպեսզի մեր առօրյայում որոշում կայացնելիս կողմնորոշվենք՝ մասնագետների ու բանիմաց մարդկանց գնահատականները հաշվի առնելով։ Սա չափազանց կարևոր է, և ուրախ եմ, որ ի դեմս Ձեր լրատվամիջոցի, հայկական տեղեկատվական դաշտում առկա է նման հնարավորություն»։
Մեկ այլ ընթերցող գրել է.
«Panorama.am-ն ինձ համար սոսկ լրատվական չէ, այլ հետազոտական աշխատանքի լուրջ և հիմնարար աղբյուր: Հայաստանի տարածքային, տնտեսական, ենթակառուցվածքային, սոցիալական, կրթական, ժողովրդագրական և այլ ուղղություններով լուրջ և համակողմանի ուսումնասիրություններ կատարելիս Panorama.am-ն իսկապես անփոխարինելի է. սա իմ տասնամյակից ավել փորձի արդյունքն է: Հասանելի բոլոր աղբյուրներից միայն այստեղ եմ մշտապես կարողացել գտնել տեղեկատվության անընդհատականություն, մշտականություն, մաքրություն, ընդունելի լեզու և փնտրող շարժիչների հետ ներդաշնակ աշխատանք: Կարծում եմ` անգամ լրատվականի խմբագրությունում չգիտեն, թե այս տարիների ընթացքում ինչ քանակությամբ վերլուծությունների, հետազոտությունների հիմք է դարձել իրենց աշխատանքի արդյունքը»:
Եվս մեկ մեջբերում Panorama.am-ի ընթերցողներից մեկի նամակից.
«2005 թվականին օնլայն տիրույթում ծնվեց հայկական իրականության ամենածանրակշիռ, պրոֆեսիոնալ և անհրաժեշտ կայքերից մեկը՝ Panorama.am-ը։ 20 տարի շարունակ այս լրատվականը երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, պայքարել և պայքարում է մեր հասարակության տեղեկացված լինելու իրավունքի, քարոզչական ագրեսիայից պաշտպանված լինելու և սեփական պոտենցիալը լիարժեք բացահայտելու ուղղությամբ։ 20 տարի շարունակ այս կայքը կրթել ու դաստիարակել է ոչ միայն իր լսարանը, այլև բազում լրագրողների ու հանրային գործիչների, ովքեր հետագայում դարձել են մեր հասարակության ինֆորմացիոն և ինտելեկտուալ պոտենցիալը կերտող կարևոր օղակներ»։
Panorama.am-ի թիմը երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այս տարիներին ներդրում ունեցան և շարունակում են ունենալ մեր կայացման և զարգացման գործում՝ զորավիգ լինելով գործունեության ամենաբարդ պահերին։ Խոստանում ենք շարունակել հավատարիմ մնալ մեր սկզբունքներին և թիմում ձևավորված մոտեցումներին ու ավանդույթներին։
Կայքի հոբելյանը, իհարկե, նշելու ենք, բայց ավելի ուշ, երբ մի քանի օր առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով կյանքի համար պայքարող մեր սիրելի գործընկերը կազդուրվի ու վերադառնա մեր շարքերը։
Ձեր՝ Panorama.am։