Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողներին ասաց Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Դատավորի որոշմամբ, սահմանափակվել են նաև տեսակցությունները, բացառությամբ մերձավոր ազգականի՝ մոր։
«Այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը տնային կալանք, գրավ և այլն, դատավորը գտավ, որ այս պահին բավարար չեն»,- ասաց Սարգսյանը։
Դատարանի որոշումը բողոքարկվելու է։
«Այստեղ ակնհայտ ապօրինի դատական ակտի հատկանիշ կա, դրա մասին ամբողջ դատաքննության ընթացքում ասում էինք։
Այս պահին հոդվածներից մեկը, որը մեղսագրվում է, այն պահին, երբ որ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել։ Ասում են՝ 2021 թվականին հարկադրել է, որպեսզի ընտրության մասնակցի, կոնկրետ անձի չընտրի, 2021-ին դա հանցագործություն չի եղել, 2022-ի օրենսգրքով վերածվել է հանցագործության։ Օրենքը պարզ է՝ եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանացագործություն չէ, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ և դիտարկվել։ Չէր կարող ընդհանրապես մեղադրանք ներկայացվեր, կալանք լիներ, դրա մասին մանրամասն խոսել ենք, բայց իրենք «խուլ են, համր են, չեն տեսնում, չեն լսում» այնքան ժամանակ, քանի դեռ սա կոնկրետ հրահանգի արդյունքում է։
Մյուս հոդվածով էլ ասում են՝ կոնկրետ մեթոդների կիրառմամբ, լիազորությունները գործադրելով հարկադրել ես հավաքի մասնակցել, չկարողացան ցույց տալ օրենքով նախատեսված, թե ինչ եղանակով է հարկադրումը կատարվել, ընդհանրապես հրակադրանքը, ծառայողական լիազորությունները չկարողացան ցույց տալ։ Ընդամենը խոսք էր, որ հանցորոծություն է կատարել, բայց ոնց է դրսևորովել, հանցավոր որևէ հատկանիշ չկար։ Առնվազն այս հիմքերով մանրամասն բողոքարկելու ենք»,- մանրամասնեց Երեմ Սարգսյանը։
նա նշեց, որ իրավապահ մարմիններն անում են այն, ինչ ակնկալվում է քաղաքականո իշխանության կողմից։
Սրբազանը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։
Ավելի վաղ պաշտպան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):