AntiFake-ի կոչը. Ձևավորել միասնական քաղաքական օրակարգ՝ ուղղված քաղբանտարկյալների ազատությանը
Քաղաքական
21:36 10/01/2026
Հայաստան

AntiFake-ի կոչը. Ձևավորել միասնական քաղաքական օրակարգ՝ ուղղված քաղբանտարկյալների ազատությանը

AntiFake.am-ը հանդես է եկել քաղաքական կոչով՝ ուղղված ընդդիմադիր ուժերին, մեդիագործիչներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և շահագրգիռ այլ կողմերին. 

«Ընդդիմադիր քաղաքական ուժերին —
անհապաղ արձագանքել Նարեկ Սամսոնյանի անժամկետ հացադուլին, դադարեցնել մասնատվածությունն ու ձևավորել միասնական քաղաքական օրակարգ՝ ուղղված հացադուլի դադարեցմանը իրավական արդյունքի հասնելու միջոցով, քաղբանտարկյալների ազատությանը և ռեժիմի կողմից իրականացվող համատարած բռնաճնշումներին դիմակայելուն։

Մեդիագործիչներին և անկախ լրագրողներին —
հացադուլը դիտարկել ոչ թե որպես երկրորդական իրադարձություն, այլ որպես մարդու կյանքի համար անմիջական սպառնալիք, չլռել, ապահովել շարունակական, ընդգծված և պատասխանատու լուսաբանում՝ իշխանական ապօրինությունների նկատմամբ հանրային ճնշում ձևավորելու համար։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և իրավապաշտպան կառույցներին —
անհապաղ գործարկել արձագանքման մեխանիզմներ՝ հացադուլի փաստի իրավական արձանագրում, միջազգային կառույցներին հաղորդումներ, հրապարակային հայտարարություններ և ճնշման գործիքներ՝ ուղղված Նարեկ Սամսոնյանի կյանքի և առողջության պաշտպանությանը։

Շահագրգիռ այլ կողմերին —
դադարեցնել դիտորդի դիրքը և հստակ արձանագրել, որ այս հացադուլը ոչ թե անհատական բողոք է, այլ քաղաքական բռնաճնշումների հետևանքով առաջացած ծայրահեղ իրավիճակ, որի հնարավոր ծանր հետևանքների պատասխանատվությունը կրում է գործող ռեժիմը։

Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք դառնալ այն բաց և գործունակ հարթակը,
այն քաղաքական և հասարակական համախմբման կենտրոնը, որը կգործի Նարեկ Սամսոնյանի հացադուլի շուրջ արդյունքի հասնելու, նրա կյանքի և առողջության պաշտպանության, քաղբանտարկյալների ազատության, խոսքի ազատության պաշտպանության և ռեժիմի կողմից իրականացվող համակարգային բռնաճնշումներին դիմակայելու նպատակով։

Ակնկալում ենք աջակցություն և բաց ենք առարկայական քննարկումների համար։

Պայքարը չի կարող լինել մեկուսի։
Պայքարը պահանջում է համախմբում։
Եվ այս պահին՝ պահանջում է անհապաղ գործողություն»։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը նախօրեին բավարարել է  հանրային մեղադրողի միջնորդությունն ու քաղբանտարկյալներ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացրել 3 ամիս ժամկետով։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
AntiFake-ի կոչը. Ձևավորել միասնական քաղաքական օրակարգ՝ ուղղված քաղբանտարկյալների ազատությանը