Դավիթ Ֆիդանյանը՝ Վասիլիս Մարագոսին. Չլսված, խայտառակ բան է, որ հացադուլ հայտարարած անձին տեղափոխել են պատժախուց
Քաղաքական
16:55 13/01/2026
Հայաստան

Դավիթ Ֆիդանյանը՝ Վասիլիս Մարագոսին. Չլսված, խայտառակ բան է, որ հացադուլ հայտարարած անձին տեղափոխել են պատժախուց

«Մենք ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ Հայաստանում բանտարկված են մեդիա դեմքեր, կան քաղբանտարկյալներ»,-ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Նա հիշեցրեց, որ մոտ 2 ամիս  «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են, դատավոր Մ. Շահվերդյանն ապօրինի կերպով 3 ամսով երկարաձգել է նրանց կալանքի ժամկետն, ինչին ի պատասխան Ն. Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ։

«Չլսված, չտեսնված բան է, որ հացադուլ հայտարարած անձին տեղափոխել են պատժախուց»,-ասաց Ֆիդանյանը։

Բարձրախոսով հեռակա դիմելով ԵՄ դեսպանին՝ Ֆիդանյանն ասաց, գրասենյակի դիմաց են իրենց բողոքն արտահայտելու բռնճնշումների վերաբերյալ։

«Մեր բողոքն ուղղված է նաև ԵՄ-ին, քանի որ Եվրամիությունը շարունակաբար ու հետևողական կերպով լռում է փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են իրենց ազատ խոսքի, ընդդիմադիր կեցվածքի ու քաղաքական սուր քննադատության համար, կալանավորվել են այն բանի համար, որ պատասխանել են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Նարեկ Սամսոնյանը, որն այս պահին հացադուլի մեջ է, կալանավորվել է այն բանի համար, որ արտաբերել է հետույք բառը։ Սա չլսված ու չտեսնված խայտառակություն է։ ԵՄ-ն՝ որպես ժողովրդավարական արժեքների ջատագով, պարտավոր է հետևողական կերպով արձագանքել Հայաստանում տեղի ունեցող խայտառակ ապօրինություններին, որոնք կատարվում են այս իշխանությունների օրոք։ ԵՄ-ն արտավոր է դադարել լռել, քանի որ լռությունը, ըստ էության, հանցակցություն է։ ԵՄ-ն պարտավոր է հավատարիմ մնալ իր իսկ կողմից որդեգրած արժեքներին»,-ասաց Ֆիդանյանը։

Նա ցավով փաստեց, որ այս պահին ԵՄ-ի համար առաջնահերթություն է ռեալպոլիտիկ ասվածը, և ոչ թե ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը։

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն ժողովրդավարության, խոսքի ազատության, քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի անհապաղ ազատ արձակման համար»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder