ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս պաշտոնյային ոչ հարիր պահվածք են դրսևորել Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը․ Աշոտ Մելիքյան
Իրավունք
16:05 26/01/2026
Հայաստան

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս պաշտոնյային ոչ հարիր պահվածք են դրսևորել Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը․ Աշոտ Մելիքյան

«2025 թ.-ի առանձնահատկությունն այն է, որ լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ ճնշումների և դատական գործերի մոտ կեսը պետական բարձրաստիճան պաշտոնյաների և իշխանության այլ ներկայացուցիչների կողմից են եղել»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում  ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով անցած տարվա վիճակագրությունը։

 Մելիքյանը հյատնեց, որ արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ լրագորղներն են գործում մասնագիտական էթիկայի խախտումներով։

«Այդ կոնֆլիկտային իրավիճակը հանգեցրել է նրան, որ 2025 թվականին ընդհանուր խախտումների քանակն ավելին է քան 2024 թվականին, նախորդ տարի արձանագրել ենք 224 դեպք, մինչդեռ 2024թ-ին 208 էին»,-ասաց Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ ֆիզիկական բռնությունների քանակը 15-ն է, այլ տարատեսակ ճնշումներինը՝ 108, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու խախտումները 10-ն են։

 Նա նշեց, որ 2024 թվականի համեմատ ճնշումների քանակն է ավելացել 2025 թվականին, բայց նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի սահմանափակումները։

«Քաղաքական իրադարձությունները լուսաբանելու ընթացքում ցցուն կերպով ևս մեկ անգամ արտահայտվեց մեր լրատվական դաշտի ծայրահեղ բևեռացվածությունը, մի բան, որը միջազգային բոլոր կառույցների բոլոր զեկույցներում ընդգծվում է, որպես բացասական երևույթ»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ այդ ընթացքում մեծ տարածում են ստանում ֆեյք և մանիպուլյատիվ մեկնաբանությունները, վիրավորանքներն ու զրպարտությունները, ինչի պատճառով էլ դատական վեճերը շատացել են։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ասաց, որ դատական վեճերի 2025 թ.-ի ցուցանիշը համադրելի է հետհեղափոխական 2019 թ.-ի և հետպատերազմյա 2021 թվականի տվյալների հետ, և եթե նախորդ դեպքերում կանխատեսելի էր այն, ապա 2025 թ.դեպքում նման նպաստող իրադարձություններ չկային։

«Արձանագրվել է 63 դատական գործ ընդդեմ լրագորղների և լրատվամիջոցների, որոնց ճնշող մեծամասնությունը վիրավորանքի և զրպարտության հիմքով են, որոնցից 2 գործ էլ եղել հեղինակային իրավունքի պաշտպանության հիմքով, իսկ 2024 թվականին 43 դատական հայց էր ներկայացվել ընդդեմ լրագրողների»,-աաց Մելիքյանը՝ շեշտելով, որ դրանց կեսը իշխանությունների կողմից են և նրանք չեն ցանկանում արտադատական կարգով խնդիրները լուծել, քանի որ և՛ Եվրոպական դատարանների որոշումներում, և նախադեպային իրավունքները հորդորում են, որ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան զրպարտության և վիրավորանքի գործերով հայցեր ներկայացնելուց, հատկապեսմ երբ բարձր ֆինանսական պահանջներ են ներկայացվում։

Նրա տեղեկացմամբ՝ լրագրողների դեմ 15 գործ դատարանում բավարարվել են՝ լրատվամիջոցներին պարտավորեցնելով հերքում հրապարակել և ընդհանուր 3.3 մլն դրամի պահանջի բավարարում է եղել, իսկ 21 դեպքում մերժվել է, 6-ը ՝ կարճվել։

«2025 թվականին լրագրողներին վիրավորանքների, մասնագիտական գործունեության խոչընդոտների թիվը 45 է, որից 33-ը իշխանության ներկայացուցիչների կողմից են, ինչը շատ մտահոգիչ է»,-ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ նման վարքագծով աչքի են ընկել իշախնության առաջին դեմքերը, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տիգրան Ավինյանը, Վարդան Ղուկասյանը...

Անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի համահիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը՝ Մելիքյանն ասաց, որ նրանց նկատմամաբ ոչ համաչափ ուժ կիրառելու մասին լրագրողական հանրույթն արդեն հայտարարություն տարածել է, որին միացել է նաև ինքը։

Մասնագետի ներկայացմամբ՝ 2025 թ.-ին արձանագրված լրագրողների դեմ 15 ֆիզիկական բռնություններից 7-ն իրավապահ մարմինների կողմից  է եղել , 7-ը՝ իշխանության համակիր ներկայացուցչի և մեկ՝ լրագրող Հակոբ Կարապետյանի բռնության դեպքը, չի բացահայտվել, նախաքննության գործում առաջընթաց էլ չկա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս պաշտոնյային ոչ հարիր պահվածք են դրսևորել Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը․ Աշոտ Մելիքյան