Իշխանության գործողությունները դասական քաղաքական հետապնդումներ են, այլ գնահատական չկա. Իրավապաշտպանը՝ AntiFake.am-ի գույքն առգրավելու և «Իմնեմնիմի»-ի համահեղինակներին կալանավորելու մասին
Քաղաքական
12:34 19/11/2025
Հայաստան

Իշխանության գործողությունները դասական քաղաքական հետապնդումներ են, այլ գնահատական չկա. Իրավապաշտպանը՝ AntiFake.am-ի գույքն առգրավելու և «Իմնեմնիմի»-ի համահեղինակներին կալանավորելու մասին

«Ալեն Սիմոնյանը չի հասկանում՝ այն գործիքակազմերը, որոնք իրենց տրված են, տրված են ոչ թե մարդկանց հետապնդելու համար, այլ պետական առողջ կառավարումը կազմակերպելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով նրան, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի  դեմ հաղորդում է տվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ Կարապետյանցի, Հայաստանում ընդհանրապես չկա արդարադատության համակարգ, ու այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման մոդելը չի փոխվել այնպես, որ օրվա իշխանությունները չունենան  բավարար լծակներ արդարադատություն իրականացնող համակարգերի ու դրանք ղեկավարող պաշտոնյաների նկատմամբ։

«Օրվա իշխանությունը չպետք է ունենա լծակ ճնշելու կամ պատվերներ տալու գլխավոր դատախազին, իրավապահ մարմինների ղեկավարներին, պետք է այլ մոդել ունենանք»,- ընդգծեց իրավապաշտպանը։  

Ն.Կարապետյանցը նշեց, որ բոլոր իրավիճակներում, անկախ նրանից, թե ով է հանրայնորեն հայհոյանք, ատելության խոսք տարածում, խստորեն դատապարտում է, բայց նաև գործողությունները պետք է լինեն համարժեք և ողջամիտ։

«Ենթադրյալ պատիժը պետք է լինի համարժեք։ Երբ գնում ես մարդկանց արժանապատվությունը նվաստացնող հնարքներ կիրառելով մարդկանց ձերբակալելու, որևէ արդարացում չի կարող ունենալ։ Եթե մարդիկ չարամիտ գործողություն են կատարել, այդ պահին գույք են փչացրել, մարդ սպանելուց են եղել, հասկանալի է նման կերպ չեզոքացնելը, տանելը, բայց արդեն  հնչած խոսքի համար գնալ մարդու տուն, որտեղ կան անչափահաս երեխաներ, այդ ձևով տանել, որևէ բացատրություն և արդարացում չի կարող ունենալ»,- ասաց իրավապաշտպանը՝ անդրադառնալով Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին հենց տներից ձեռքերը ոլորած տանելու փաստին։

Նա նաև անտրամաբանական  է համարում AntiFake.am կայքի երկու այլ աշխատակիցների բերման ենթարկելը.  «Եթերում եղել են երկու հոգի, տեսակետ են հայտնել, ենթադրենք քրեորեն պատժելի է։ Բա մնացածին ինչի՞ եք տանում։ Անտրամաբանական, անհամաչափ գործողություն է»։

Ինչ վերաբերում է AntiFake.am կայքի տեխնիկան՝ համակարգիչներ, միկրոֆոններ, տեսախցիկներ, տեսախցիկների և միկրոֆոնների եռոտանինեն ու ստենդներ, նկարահանող դրոններ և այլն առգրավելուն, Նինա Կարապետյանցը հարցադրում հնչեցրեց. «Գույքը տարել եք, որ ի՞նչ անեք»։

«Իշխանությունն այս դեպքում սեփական դառը փորձով է առաջնորդվել։ Նախորդ անգամ, երբ տղաներին կալանավորեցին, այլ մարդիկ փոդքաստի եթերն ապահովեցին,  այսինքն պրոցեսը շարունակվեց։

Բուն նպատակը՝  վախեցնել, լռեցնել, թույլ չտալ այլ տեսակետներ հնչել, չաշխատեց։ Բայց հիմա էլ է փոդքաստը շարունակում։

Ճիշտ է՝ խիստ դատապարտելով խոսույթը, որակը, բայց միաժամանակ ողջունելի է, որ մարդիկ չեն ընկճվում, վախենում, շարունակում են պրոցեսներ գեներացնել»,- ասաց Ն. Կարապետյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իշխանությունների գործողությունները դասական, դասագրքային քաղաքական հետապնդումների տակ են մտնում, այլ գնահատական այստեղ լինել չի կարող։

«Ցանկացած իշխանություն ժամանակավոր է։ Այն հետապնդումները, որոնց ենթարկվում են ինչ-որ խումբ մարդիկ, չի կարելի դրանց վրա հրճվել, քանի որ ինչ-որ պահի այդ հետապնդումները, գործիքակազմն աշխատելու է իրենց նկատմամբ։ Ամենավառ  օրինակն իրենց կուսակցական գործընկեր Հովիկ Աղազարյանն է։ Նրա հետ տեղի ունեցածը դասական օրինակ է նրան, որ անգամ նրանք, ովքեր ծառայում են,  նվիրյալն են Փաշինյանին, ինչ-որ պահի դառնալու են նույն անթույլատրելի, դատապարտելի, հակասահմանադրական, հակաիրավական, անբարոյական գործողությունների զոհ։ Որևէ մեկը թող այս պրոցեսներով չոգևորվի։ Անկախ նրանից՝ սիրում են այդ մարդուն, չեն սիրում, կիսում են տեսակետը, թե ոչ, բացարձակ էական չէ դա, կարևոր է հասկանալ, որ երկրում պետք է օրենք գործի, որևէ մեկը չի կարող միանձնյա նման որոշումներ կայացնել»,- ասաց իրավապաշտպանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ միջազգային փորձ կա, կարգավորումներ կան, որ ցանկացած պաշտոնյա պետք է հասկանա՝ ծափահարությունների,  պետական բյուջեի բարիքներից օգտվելու հակառակը կողմը քննադատված լինելն է։

«Սա ամբողջ աշխարհում է  ընդունված։ Ընդունված է նաև շեմը, որով պաշտոնյան կարող է վիրավորել շարքային քաղաքացուն. այն ավելի ցածր է, այսինքն շատ ավելի մեղմ բանից կարող են պաշտոնյային պատասխանատվության ենթարկել, իսկ շարքային քաղաքացու քննադատության, սուր խոսքի շեմն ավելի բարձր է»,- ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նա միաժամանակ հիշեցրեց Ալեն Սիմոնյանի՝ մարդու վրա թքելու դեպքը. «Գլխավոր դատախազությունը քրեական գործ չի հարուցում Ալեն Սիմոնյանի՝ մարդու վրա թքելու դեպքով, երբ ապօրինի հրաման էր տվել իր անվտանգությունն ապահովող մարդկանց քաղաքացու ձեռքերը բռնել, որպեսզի ինքը թքի,  քրեական  գործ հարուցվում է  հակառակ ուղղությամբ իբր թե Ալեն Սիմոնյանը վիրավորվել է»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանության գործողությունները դասական քաղաքական հետապնդումներ են, այլ գնահատական չկա. Իրավապաշտպանը՝ AntiFake.am-ի գույքն առգրավելու և «Իմնեմնիմի»-ի համահեղինակներին կալանավորելու մասին